ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» 11 մետրանոց հարվածարով պարտվեց տեղի «Պայդե» թիմին և լքեց Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարը։
Խաղի հիմնական և ավելացրած ժամանակն ավարտվեց առանց գոլերի` 0։0 հաշվով։
Էստոնական «Պայդե» թիմի հետ երևանյան հանդիպումը Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» համար մեղմ ասած հաջող չէր։ Առջևի գծում մեր թիմը չկարողացավ ռեալ գոլային պահեր ստեղծել, և բացի այդ էլ մեր դարպասի մոտ վտանգավոր պահեր եղան։ Էստոնիայում պատասխան խաղում «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը չորս փոփոխություն էր կատարել։ Այսինքն` մարզիչին էլ չէր բավարարել որոշ ֆուտբոլիստների խաղը։ Կամ էլ գործի մեջ տեսնելով մրցակցին `Բիչախչյանը նոր մտահաղացումներ էր փորձում իրականացնել։
Այս խաղում էլ երկար ժամանակ հավասար պայքար էր ընթանում, բայց մերոնք որոշակի ակտիվություն դրսևորում էին։ Մաիլսոն Լիման ակտիվ էր հարձակման ձախ եզրում, Ալեմաոն անընդհատ լարվածության մեջ էր պահում մրցակցի պաշտպաններին` միանալով հարձակմանը աջ եզրում։ Կենտրոնից էլ մերոնք փորձում էին ճնշել մրցակցին, բայց առաջին կեսում այդպես էլ արդյունքի հասնել չհաջողվեց՝ 0։0։
«Արարատ-Արմենիա» - «Պայդե» խաղ
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Արարատ-Արմենիան» ռեալ գոլային պահ ստեղծեց, բայց Ֆիրմինույի հարվածից հետո Միկել Ակսալուն փրկեց «Պայդեին»։ Այս դրվագը կարծես թե արթնացրեց էստոնական թիմի ֆուտբոլիստներին, որոնք հաջորդած տասը րոպեների ընթացքում անընդհատ գրոհում ու վտանգավոր պահեր էին ստեղծում մերոնց դարպասին։ Խաղը գրոհելու կամ ավելի ճիշտ հակագրոհելու երկկողմանի առաջխաղացումներով ընթացավ մինչև 84-րդ րոպեն, երբ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն անհավանական կերպով չկարողացան իրացնել գոլային հարյուր տոկոսային պահը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից վեց րոպե առաջ խփած գնդակը կարող էր մեր թիմին հաղթանակ ապահովել։ Բայց... Խաղի հիմնական ժամանակում դարպասները մնացին անառիկ։
Լրացուցիչ ժամանակում թիմերը հիմնականում մտածում էին գնդակ բաց չթողնելու մասին, հետևաբար գործում էին ավելի զգույշ։ Եվ նման իրավիճակում առջևի գծում հաջողության հասնելը համարյա հնարավոր չէր։
Հաշիվը չփոխվեց և հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում։ 2019 թվականին «Արարատ-Արմենիան» 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց «Դյուդելանժին» Եվրոպայի լիգա փլեյ օֆֆում։ Այս խաղում էլ մեր թիմը պարտվեց ֆուտբոլային վիճակախաղում։ Ջոնաթան Դուարտեյի վրիպումն օգտագործելով` «Պայդեն» 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց՝ 5։3 հաշվով։
Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկությանը մասնակցող հայկական բոլոր երեք ակումբներն էլ չկարողացան հաղթահարել իրենց մեկնարկային խաղի մրցակցի արգելքը։ Որակավորման առաջին փուլում պարտվեցին «Ալաշկերտն» ու «Արարատը», հիմա էլ «Արարատ-Արմենիան»։