Տուժածներ չկան, կրակել են 20 րոպե. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել

Ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Այսօր ադրբեջանական կողմը շուրջ քսան րոպե կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Փափուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում, խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտնաբերվել է հրաձգային զինատեսակի 8 փամփուշտ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան»,- գրել է պաշտպանը։
Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս վարքագիծը ցուցադրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։
Ըստ Ստեփանյանի, միջնորդների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահների համար առավել քան հստակ պետք է լինեն ադրբեջանական կողմի իրական նպատակներն ու ձգտումները, և ըստ այդմ միջազգային հանրության աչքին «թոզ փչելու» ադրբեջանական ցանկացած գործողություն պետք է ստանա իրական գնահատական և հակազդեցություն։