ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցելու ցանկություն ունեցող երկրների հերթ է գոյացել։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ հանդիպումից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ աշխուժություն է նկատվում կազմակերպության գագաթնաժողովի նախաշեմին։
«Սամարղանդի գագաթնաժողովի օրակարգը շատ հագեցած է լինելու»,- ասել է Լավրովը:
Նա նաև նշել է, որ որոշ երկրներ ցանկանում են ՇՀԿ-ի գործընկեր կամ դիտորդ դառնալ։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը մշտապես գործող միջպետական միջազգային կազմակերպություն է, որի ստեղծման մասին հայտարարվել է 2001թ. հունիսի 15-ին Շանհայում «Շանհայյան հնգյակի» պետությունների և Ուզբեկստանի կողմից: «Շանհայի հնգյակի» մեխանիզմի հիմքում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդման և սահմանային շրջաններում զինված ուժերի փոխադարձ կրճատման վերաբերյալ կնքված 1996-1997թթ. համաձայնագրերն են: