ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը, ով թիմին միացել է հուլիսի սկզբին։
Իտալական Sos Fanta-ին տված հարցազրույցում Ինձագին հիշեցրել է, որ նույնիսկ «Ռոմայի» կազմում հայ ֆուտբոլիստը գոլեր է խփել «Ինտերի» և «Լացիոյի» հետ հանդիպումներում:
«Մխիթարյանը լավ խաղացող է, նա շատ գոլեր է խփել «Ռոմայում», թե՛ «Լացիոյի», թե՛«Ինտերի» դարպասին: Օրերս հանդիպեցի նրան, նա լավագույնս է մարզվում, նրա վիճակը բարելավվում է, դա շատ կարևոր մեզ համար»,- ասել է մարզիչը։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել է հինգ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը հաղթել է Կոնֆերենցայի լիգայում։ Ընդհանուր առմամբ, Մխիթարյանը Ռոմայի կազմում անցկացրել է 117 հանդիպում, որոնցում խփել է 29 գոլ։