ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ պատրաստվում է պայքարել Հայաստան վերադառնալու համար։
Երկու շաբաթ առաջ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր, ինքը հայտարարել էր, որ դա արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Sputnik Արմենիայի հարցումներին ի պատասխան, ո՛չ ԱԳՆ–ն, ո՛չ ԱԱԾ–ն Փափազյանին երկիր չթողնելու պատճառների վերաբերյալ մեկնաբանություն չէին տվել։
«Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար։ Հաստատում եմ, որ իշխանության այս որոշումը իրավական ոչ մի լուրջ հիմք չունի»,–գրել է Փափազյանը` հիշեցնելով, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։
Փափազյանին վարչապետի գրասենյակից բացատրել էին, որ իր արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունն է և տվյալ ցույցը կազմակերպելը:
«Բայց նշյալ թվականից մինչև 2022-ի հուլիսի 13-ը 4 անգամ անարգել մուտք եմ գործել Հայաստան: Ավելին` Հայաստանի պատկան մարմինները ոչ մի բողոք չեն ներկայացրել Ֆրանսիայի իշխանություններին 2021-ի հունիսի 1-ի ցույցի մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ»,-գրել է նա։
Փափազյանը նշում է, որ երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ է ստացել Հայաստանից ու սփյուռքից, քաղաքական տարբեր դիրքորոշումների տեր անձանցից, որոնք բոլորն էլ ընդվզել են Փաշինյանի «հակաժողովրդավար որոշման» դեմ:
Գործչի խոսքով` Հայաստանը պետք է վերադառնա իրավական պետության իր կոչումին, իսկ ինքն իրավական բոլոր միջոցներով պայքարելու է Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու համար։