Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների Հանրապետության ԱԳ նախարար Աբդուլա Շահիդի հետ
Միրզոյանը նշել է, որ Հայաստանի առաջնահերթություններից է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 28 ֊ Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների Հանրապետության ԱԳ նախարար Աբդուլա Շահիդի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Գործընկերները քննարկել են տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցեր։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանի առաջնահերթություններից է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, որը ներառում է նաև ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության պաշտպանությունը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարը Twitter–ից ջնջել է Հայոց ցեղասպանության մասին գրառումը
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Միրզոյանը շեշտել է ՄԱԿ համապատասխան կառույցների տեղում անարգել ներգրավվածության կարևորությունը։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
Այցի շրջանակներում Աբդուլա Շահիդը նաև հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ կին դիվանագետների հետ, որի ընթացքում կարևորվել է կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումը և կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ քայլերի իրականացումը:
Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի ԳԱ նախագահին քննադատել է Ծիծեռնակաբերդ այցելելու համար