«Հայաստանը Իսպանիայի Պրիմերայում ներկայացնելը մեծ պատիվ է». Լուան Բարբոսա

Բարբոսայի նոր ակումբը նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իսպանիայի առաջնության եզրափակիչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Բարբոսան պայմանագիր է կնքել Իսպանիայի Պրիմերան ներկայացնող «Պալմա Ֆուտզալ» ակումբի հետ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Լուանը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի առաջին մարզիկն է, որ հանդես կգա աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում:

«Շատ երջանիկ եմ։ Սա երազանք էր և միևնույն ժամանակ նպատակ` խաղալ աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում՝ Իսպանիայում։ Այժմ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ ակումբիս՝ հասնելու մեծ նվաճումների։ Առավել քան հպարտ եմ, որ իմ խաղով ներկայացնելու և բարձր եմ պահելու Հայաստանի պատիվը»,- ՀՖՖ-ին ասել է դարպասապահը։

Բարբոսայի նոր ակումբը նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իսպանիայի առաջնության եզրափակիչ, որում զիջել է «Բարսելոնային»:
«Պալմա ֆուտզալը» գալիք մրցաշրջանում հանդես կգա ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի էլիտ ռաունդում: