ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանում ներկայում գործող հաշմանդամության գնահատման համակարգը, մասնավորապես գնահատման չափանիշները, հնարավորություն չեն տալիս ավելի համապարփակ գնահատելու անձի խնդիրները, ուստի ներդրվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը»։
Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին նախագիծն այսօր կայացած կառավարության նիստում ընդունվեց առանց զեկուցման։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաշմանդամության գնահատման գործող համակարգը հիմնված է հաշմանդամության «բժշկական» մոդելի վրա, որը դիտում է հաշմանդամությունը որպես անձի խնդիր՝ ուղղակիորեն պայմանավորված հիվանդությամբ, վնասվածքով կամ այլ առողջական խնդրով:
«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը» նախագծով առաջարկվում է ներդնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքներին համապատասխանող չափորոշիչների համակարգը՝ հիմնված օրգանիզմի ֆունկցիաների, մարմնի կառուցվածքի, մասնակցության և գործունեության և միջավայրային գործոնների յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման վրա:
Առաջարկվում է հաշմանդամության խմբերի փոխարեն ներդնել ֆունկցիոնալության սահմանափակումները դասակարգող կառուցակարգ: Ըստ այդմ, առանձնացվում են խնդրի բացակայություն, թեթև խնդիր, միջին ծանրության խնդիր, ծանր խնդիր և խորը խնդիր կատեգորիաները:
«Չի կիրառվելու ընդհանուր և պիտակավորող բնույթ ունեցող «հաշմանդամ երեխա» եզրույթը ևս: Փոխարենը երեխաների ֆունկցիոնալության գնահատումը ևս իրականացվելու է մշակված չափորոշիչների և կատեգորիաների վրա՝ յուրաքանչյուր երեխայի առանձնահատուկ իրավիճակի և կարիքների վրա հիմնված տարբերակված մոտեցում դրսևորելով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծում նաև սահմանվել են վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքերը, որոնց դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:
Նախագիծը մշակել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՄԱԿ-ի և ԵՄ փորձագետները: