ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Իրանի իշխանությունը մոտ ապագայում կսկսի հետազոտական միջուկային ռեակտոր կառուցել Սպահանում։ Ինչպես հայտնում է «Fars»–ը, այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Առաջիկա շաբաթների ընթացքում Սպահանում կմեկնարկի հետազոտական ռեակտորի պաշտոնական կառուցումը», – ասել է Էսլամին։
Նա նշել է նաև, որ նոր ռեակտորի նախատեսված հզորությունը 10 հազար մեգավատտ ատոմային էներգիա կկազմի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են ամրապնդել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության շուրջ երկխոսությունը ու կոնկրետ լուծումներ գտնել։
Ռուս–իրանական խոշոր նախագիծ է համարվում «Բուշերի» ԱԷԿ–ի էներգաբլոկի կառուցումը։ ՌԴ–ի մասնակցությամբ ավարտին հասցված ատոմակայանի առաջին բլոկը Իրանի ազգային էներգահամակարգին է միացվել 2011 թվականի սեպտեմբերին։ Այժմ երկրորդ էներգաբլոկն է կառուցվում, պայմանագիր է կնքվել երրորդի համար։
«Բուշեր» ԱԷԿ–ի երկրորդ և երրորդ բլոկերի կառուցման նախագիծը 10 տարվա համար է նախատեսված։ Բացի այդ, Մոսկվան Թեհրանին միջուկային վառելիք է մատակարարում, որն անհրաժեշտ է ռեակտորի առաջին բլոկի աշխատանքի համար։