ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կառավարությունը բուժհաստությունների կառուցման, վերակառուցման համար առողջապահության նախարարությանը հատկացրեց 851 մլն դրամ: Նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Գործադիրը գումարի հատկացման համար վերաբաշխում կատարեց 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում։
«Հատկացված գումարն ուղղվելու է 5 բուժհաստատության կառուցմանն ու վերակառուցմանը, ինչպես նաև 1 բուժկենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը»,– նշեց Ավանեսյանը։
Նրա խոսքով` կապիտալ հիմնանորոգվելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» (163 մահճակալ, որից 6-ը՝ վերակենդանացման), Արմավիրի մարզի Վաղարշապատի ԲԿ–ն` 90 մահճակալ, որից 8-ը՝ վերակենդանացման, ինչպես նաև Արագածոտնի մարզի Աշտարակի ԲԿ–ն` 32 մահճակալ, որից 3-ը՝ վերակենդանացման, Արարատի մարզի Արտաշատի ԲԿ–ի պոլիկլինիկական մասնաշենքը։
Լոռու մարզի Տաշիրի ԲԿ–ի ու Կոտայքի մարզի Նաիրի ԲԿ–ի համար կառուցվելու են նոր շենքեր, համապատասխանաբար` 30 և 25 մահճակալային ֆոնդով։
Նախարարը նաև հավելեց, որ կազմվելու է Արթիկի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը։ Բոլոր բուժկենտրոնները հագեցվելու են նաև անհրաժեշտ նոր սարքավորումներով ու գույքով։
Այսպիսով, ՀՀ–ում կառուցման ու վերակառուցման ենթարկվող բժշկական հաստատությունների թիվը կդառնա 13, որից 2-ը հանրապետական նշանակության են, 11-ը` մարզային։ Մինչ տարեվերջ կլինի ևս 6 բժշկական կազմակերպության նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները։
Ավանեսյանը վստահեցրեց, որ շինարարական նման տեմպ պահպանելու դեպքում կառավարության ծրագրով սահմանված առնվազն 50 բուժհաստատության ամբողջական վերակառուցման, վերազինման խոստումը հաջողությամբ կիրականացնեն։
Առաջիկայում նախատեսվում է, որ կունենան կապիտալ ծախսերի ուղղվածության որոշակի փոփոխություն ու ուշադրությունը կենտրոնացնելու են առողջության առաջնային օղակի` պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների շենքային պայմանները բարելավելու վրա։