ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածն այս տարի արդեն իսկ հանձնվել է շահագործման, իսկ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2022 թվականի ավարտը։
Ծրագրի իրականացման գործընթացը սահուն կերպով ավարտին հասցնելու համար անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերել են որոշ հողատարածքների օտարմանն ուղղված ընթացիկ աշխատանքների կատարմանը և այլն։
Նիստին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների այլ ներկայացուցիչներ։
Հիշեցնենք` Հյուսիս–հարավ ավտոճանապարհի շինարարության մեկնարկը Հայաստանում տրվեց 2009 թ-ին, երբ Ասիական զարգացման բանկի հետ կնքվեց վարկային առաջին համաձայնագիրը։ Այս պահին ամբողջությամբ պատրաստ է ավտոճանապարհի միայն 31 կմ–ը` Երևան–Արտաշատ 19.6 և Երևան–Աշտարակ 11.4 կմ–անոց հատվածները։ Դրանք շահագործման են հանձնվել 2016թ–ին։ Շինարարական աշխատանքներ պետք է ընթանան Աշտարակ–Թալին 42 կմ հատվածում։ Հյուսիս–հարավն ամբողջությամբ ավարտելու համար դեռ մնում է կառուցել նաև Արտաշատ–Սիսիան 175 կմ–անոց հատվածը, Սիսիան–Քաջարան 60, Քաջարան–Ագարակ 32 և Գյումրի–Բավրա 60 կմ–անոց հատվածները։
Հյուսիս–հարավի շինարարության վրա Հայաստանն արդեն 260 մլն դոլար է ծախսել։ Եվս 302 մլն դոլար դեռ կա տարբեր աղբյուրներից ներգրավված վարկային միջոցներից։
Ինչ վերաբերում է շինարարության ընդհանուր արժեքին, ապա Հյուսիս–հարավի կառուցումը ՀՀ բյուջեի համար կարժենա շուրջ 3.5 մլրդ ԱՄՆ դոլար։