Երևանի քաղաքապետարանի աշխատանքներում 8.5 միլիարդ դրամի խախտումներ են հայտնաբերվել․ ՊՎԾ

Երևանի քաղաքապետարան
Ըստ Պետական վերահսկողական ծառայության` ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 28 – Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատանքներում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ։ Տեղեկությունը հայտնում է Պետական վերահսկողական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` 2018-2022թթ. պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող գույքահարկի և հողի հարկի բազայի տվյալները շուրջ 7.1 միլիարդ դրամով պակաս են ներկայացվել։ Բացի այդ, ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն դրամ գույքահարկի գումար։
«Խորը շունչ քաշեք». Հայկ Մարությանը` ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին
Բացի այդ, փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակում արձանագրվել են շուրջ 542,7 միլիոն ՀՀ դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր։
Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:
Իսկ բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են 3 քրեական գործեր:
Ծիծեռնակաբերդի խճուղում աշխատանքները կոպիտ խախտումներով են արվել. դատախազություն են դիմել