Չենք կարող կամակորությունները կատարել. Անդրեասյանը` Վերմիշյանի մասին

Վահագն Վերմիշյան. Արխիվային լուսանկար
Անդրեասյանը հավաստիացնում է` այս պահին չկա որևէ ազատազրկված անձ, որը բժշկական օգնություն չի ստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Անկախ այն հանգամանքից, թե որքան են հարգում քաղաքացուն կամ փաստաբանին, արդարադատության համակարգը չի կարող ազատազրկված անձի կամակորություններով կատարել այն գործողությունները, որոնք կատարում են ՔԿՀ–ներում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` անդրադառնալով ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի դեպքին։
Հայտնել էինք, որ հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, դատական նիստն ընդմիջվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապօգնություն կանչել և Վերմիշյանին ԲԿ տեղափոխել։ Դրան ի պատասխան արդարադատության նախարարությունը հայտարարել էր` Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվել է բուժօգնությունից, ինչի մասին արձանագրություն է կազմվել:
«Երբ ազատազրկված անձը գանգատ է ունենում, բժշկական անձնակազմի աջակցությունն է ստանում, և որևէ մեկը չի կարող ասել` չեմ ուզում ձեր բժիշկներին, պետք է շտապօգնություն կանչեք։ Մանավանդ, երբ բժիշկները տեսնում են, որ դրա կարիքը չկա։ Այսինքն` երբ մարդն ասում է, որ լավ չի զգում, և բժիշկն ուզում է հետազոտել, իսկ նա ոտքը խփում է գետնին ու ասում` սա կամ նա է ուզում, այդպես չի արվում»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` գործիքակազմը շատ հստակ է. երբ մարդը գանգատ է ունենում, բժիշկը գնահատական է տալիս, և եթե կարիք է լինում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» կամ էլ քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխում։ Անհրաժեշտության դեպքում շտապօգնություն են կանչում
Անդրեասյանը հավաստիացնում է` այս պահին չկա որևէ ազատազրկված անձ, որը բժշկական օգնություն չի ստանում։
Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը երեկ` հուլիսի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ գրառում էր արել` հայտնելով, որ Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել, որի ընթացքը չի ապահովվում։
Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։
Կալանավորված Վահագն Վերմիշյանը հրաժարվել է բուժօգնությունից. նախարարության պարզաբանումը
Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Վերմիշյանն իր դեմ հետապնդումն ակնհայտ քաղաքակական է համարում, իսկ ազատազրկումը, նշում է՝ միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն, բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։