ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի եղբայրը` Արա Չալաբյանը, Կենտրոնական բանկից աշխատանքի ազատման դիմում է գրել։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, շատ բան ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը, ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը»,– գրել է նա։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվել, որ Արա Չալաբյանին աշխատանքից ազատման դիմում գրելու խորհուրդ է տվել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Վերջինս ասել է, որ համապատասխան կարգադրությունը նա ստացել է ՀՀ կառավարությունից։
Համաձայն որոշ տեղեկությունների` պատմությունը կարող է կապված լինել Ավետիք Չալաբյանի և իր ընդդիմադիր հայացքների հետ։ Նա մայիսի 14-ից մինչև հուլիսի 27-ը եղել է կալանքի տակ. մեղադրվում էր ընդդիմադիր հանրահավաքներին մասնակցելու համար ուսանողներին կաշառելու մեջ։