Աղվան Հովսեփյանը ներկա չէ նիստին. տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ

Աղվան Հովսեփյան. Արխիվային լուսանկար
Դատավորը որոշեց շարունակել Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը վերջինիս բացակայության պայմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ հայտնեց նիստերի քարտուղարը` հավելելով, որ հենց այդ իսկ պատճառով էլ Հովսեփյանը ներկա չէ։
«Ամբաստանյալի բացակայության պարագայում նիստը ենթակա է հետաձգման, բայց գործով ներկայացվել են միջնորդություններ, որոնք կարող են քննության առարկա դառնալ»,–ասաց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննություն սկսելու համար այսօր դատարանում պետք է քննվի փորձագետներ ներգրավելու միջնորդությունը։
Հիշեցնենք` Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հակառակ օրենքով նախատեսված արգելքին, 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ և իր որդիների միջոցով։ Իսկ ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած խոշոր եկամուտն օրինականացրել է:
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերին, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանի նկատմամբ, նրան դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, որի արդյունքում ստացված խոշոր չափերով գույքը ևս օրինականացրել է:
Մեղադրական եզրակացության մեկ այլ դրվագով Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին հովանավորչության համար նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը ևս օրինականացրել է:
2017 թվականի ապրիլի 10-ին էլ իր հետ մտերիմ Վրեժ Մարկոսյանին համոզել է վատնել նրան վստահված 3 հեկտար մակերեսով, 672 400 000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը։
Նշենք, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 4-ին մերժել է նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նոյեմբերի 2-ին Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվել է ևս երկու ամսով, ինչից հետո մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Մայիսի 5-ին դատարանը քննության է առել խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, հաջորդ օրն էլ որոշել է կալանքն անփոփոխ թողնել։ Այդ որոշումը վերաքննության կարգով փաստաբանները բողոքարկել են։ Հունիսի 10-ին նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել էր հիվանդանոց` վիրահատության։