ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Հենց նոր խոսեցի Վահագն Վերմիշյանի հետ և տեղեկացա, որ Վ. Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում: Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվի առողջական վիճակի սրացումները»,- գրել է նա:
Կոչուբաևը արդարադատության նախարարությանը կոչ է արել «անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն» ապահովել Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց։ «Ճնշումը չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հայտնել է, որ Վահագն Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվել է բուժօգնությունից, այդ մասին կազմվել է արձանագրություն։
Հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, և դատական նիստն ընդմիջվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապօգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց:
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։
Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Վերմիշյանն իր դեմ հետապնդումն ակնհայտ քաղաքակական է համարում, իսկ ազատազրկումը, նշում է՝ միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն, բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։