Վահագն Խաչատուրյանը Աբդուլա Շահիդի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդին
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
«Երբ ձեռք բերեցինք անկախություն ՄԱԿ-ի անդամ դառնալը մեր ցանկություններից մեկն էր, որովհետև մենք հասկանում էինք, որ մեր պետության հետագա զարգացումն առանց ՄԱԿ-ի հետ համագործակցության հնարավոր չէ: Այս 30 տարիների մեր պատմությունը ցույց տվեց, որ մենք իսկապես ՄԱԿ-ի աջակցությամբ հասել ենք հաջողությունների, որոնք մեծ նշանակություն են ունեցել մեր պետության կայացման համար»,–ասել է նախագահը:
Նա առանձնահատուկ նշել է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որում ՄԱԿ-ի դերը շատ մեծ է եղել: Խաչատուրյանը հավելել է, որ 30 տարիների ընթացքում մեր պետությունն ակտիվորեն համագործակցել է ՄԱԿ-ի բոլոր կառույցների հետ, իրականացրել տարբեր ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են եղել աղքատության, անհավասարությունների վերացմանը, ինչպես նաև իրավական կայուն պետության կայացմանը:

Աբդուլա Շահիդին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հայաստան այն ժամանակահատվածում, երբ նշվում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանական 30-ամյակը: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ ունեցած բոլոր ծրագրերը կշարունակեն իրականացվել՝ ուղղված քաղաքացիների կյանքի բարելավելմանը:


«Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Աբդուլա Շահիդին անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցերի: Նախագահը բարձրացրել է Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ հայրենադարձությանն առնչվող հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, նշել, որ երկարատև և կայուն խաղաղության հաստատումը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների համար: