ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպանը կարող են քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում Ուկրաինայում, սևծովյան տարածաշրջանում և Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։
«Իրենց զրույցի թեմաները նախագահներն անձամբ կորոշեն։ Որպես կանոն` ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների միջև բարձր մակարդակով հանդիպումներում մեր երկրներին հետաքրքրող թեմաների բավական լայն շրջանակ է քննարկվում։ Դրանք և՛ միջազգային հարցերն են, և՛ տարածաշրջանային խնդիրները։ Որպես կանոն` և՛ Ուկրաինան, և՛ սևծովյան տարածաշրջանում առկա իրավիճակը, և՛ Սիրիան, և՛ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ»,- «Россия 24» հեռուստաալիքի եթերում ասել է Երխովը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ օգոստոսի 5-ին Էրդողանը նախատեսում է այցելել Սոչի և հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Թեհրանում կայացան Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների երկկողմ բանակցությունները։
Երկկողմ հարաբերություններից բացի Պուտինը և Էրդողանը քննարկեցին Ուկրաինայում տիրող իրավիճակը, «հացահատիկային խնդիրը», սիրիական կարգավորումն ու արցախյան հարցը։