ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Վանաձորի ընտրված համայնքապետ, կալանավորված Մամիկոն Ասլանյանն այս պահին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նա «Վարդաշեն» ՔԿՀ-ից է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց։
«Նախնական ախտորոշվել է ճնշման սուր տատանում, ինքնազգացողությունը դեռ չի կարգավորվել»,- նշեց Վարոսյանը։
Ավելի վաղ Ասլանյանի երկրորդ փաստաբանը` Ռուբեն Հակոբյանը, Sputnik Արմենիային հայտնել է, որ վերջին շրջանում պաշտպանյալը բողոքել է վատ ինքնազգացողությունից, մասնավորապես` բարձր ճնշումից ու սրտի աշխատանքից։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբանները պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։