ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը, որն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և Twitter–ի իր էջում այդ մասին հայտարարություն արել , սակայն հետո ջնջել է գրառումը։
«Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ եմ դրել։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Հասմիկ Մարտիրոսյանին՝ թանգարանում շրջայցի համար»,- գրել էր Շահիդը։
Մի քանի ժամ անց ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նախագահը գրառումը ջնջել է, սակայն համացանցում մնացել են գրառման «հետքերը»։
Նշենք, որ այս կապակցությամբ Twitter-ում հայ օգտատերերը բողոքի ալիք են բարձրացրել։ Սոցցանցերում ՀՀ ԱԳՆ-ի էջի հրապարակումների տակ հայտնվում են բացասական մեկնաբանություններ և Շահիդի ջնջած գրառման սքրինշոթերը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ակաունտի հրապարակման պատմությունը
© Photo : Twitter / Abdulla Shahid
Օգտատերերից մեկը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին կոչ է արել քաջություն գտնել ու կրկին հրապարակել ջնջված գրառումը։
«Մի՛ վախեցեք օգտագործել «ցեղասպանություն» տերմինը»,–խորհուրդ է տվել մեկ այլ օգտատեր։
Նշենք, որ Հայաստան կատարած այցի ընթացքում Շահիդը հանդիպել է երկրի նախագահին, ԱԺ փոխնախագահին, ՀՀ փոխվարչապետին (այս պահին Համբարձում Մաթևոսյանը վարչապետի պաշտոնակատարն է, քանի որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է)։