Կապանի շենքերից մեկի բակում նռնակ պայթեցրած 37–ամյա տղամարդուն ծեծել են

Կապան. Արխիվային լուսանկար
Տղամարդը վախեցնելու նպատակով շենքի բակում նռնակ էր պայթեցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Կապանում 37-ամյա տղամարդը վախեցնելու նպատակով շենքի բակում նռնակ է պայթեցրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` ժամը 00.50-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել է, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բնակիչներից մեկը բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել հարևան շենքի 37-ամյա բնակչին, ինչից վիճաբանություն է սկսվել։ Այդ ընթացքում 37-ամյա երիտասարդն իր բնակարանի խորդանոցից վերցնելով «ՌԳԴ» տեսակի նռնակը՝ իջել է բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, ինչից հետո դիտողություն արած տղամարդը ծեծի է ենթարկել նրան:
Կապանի ոստիկանները երկուսին էլ ներկայացրել են նախաքննական մարմնին: 37-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: