ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հռոմում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 60 կգ քաշային կարգում դարձավ ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակիչում հայ ըմբիշը 8:0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուկաս Կևին Լո Գրասոյի նկատմամբ։
Նշենք, որ Գասպար Տերտերյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 9:0 հաշվով հաղթելով ամերիկացի Ռոբերտ Ֆուգիտին։
1/8 եզրափակիչում հայ ըմբիշը պարտության էր մատնել ղազախ Յուսուֆ Աշպարովին (2:1), քառորդ եզրափակիչում` թուրք Յուսուֆ Քլջանին (8:0)։ Կիսաեզրափակիչում Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Աբոլֆազի Հոսեյն Միրշեքարին։