ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։ Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից` հավելելով, որ հանդիպումը կայացել է երեկ` հուլիսի 26-ին։
Խոսելով հայ-չեխական միջպետական հարաբերությունների զարգացման մասին՝ զրուցակիցները կարևորել են նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը։ Արձանագրվել է վերջին շրջանում միջխորհրդարանական բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես ձևավորված հարուստ երկխոսությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության կարևոր ցուցիչ։
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիության կապերի ամրապնդմանը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել խաղաղության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում համամարդկային ժառանգության մաս կազմող հայկական հուշարձանների պահպանման և վանդալիզմի շարունակվող դեպքերի կանխման անհրաժեշտությունը:
Հումանիտար խնդիրների համատեքստում չեխական կողմն ընդգծել է, որ միջազգային իրավունքի և Ժնևի կովնեցիաների դրույթները պետք է պահպանվեն։
Հիշեցնենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով Չեխիայում է հուլիսի 26-ից։