Հայաստանի ՔԿՀ–ներում 2300 մարդ է պահվում, 35%–ը խրոնիկ հիվանդություն ունի

Բանտարկյալների մոտ հիմնականում տարածված են սրտանոթային և աղեստամոքսային հիվանդությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ՀՀ–ի տարածքում գործող 10 ՔԿՀ–ներում ընդհանուր առմամբ 2300 պահվող անձ կա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուժօգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը։
«Բանտարկյալներից 676–ը կամ 35%–ը խրոնիկ հիվանդություններ ունեն։ Տարածվածությամբ առաջին տեղում են սրտանոթային համակարգի հիվանդությունները, երկրորդ տեղում են աղեստամոքսային հիվանդությունները», – նշեց Բաբայանը։
Ըստ նրա` հեպատիտ C ունի 330 բանտարկյալ, որոնցից 77-ը բուժում են ստանում։ 30%–ը բուժման կուրսը կավարտեն օգոստոսի կեսերին։
Բաբայանը նշեց, որ քայլեր են ձեռնարկվում ՔԿՀ–ներում հիվանդությունների տարածումը նվազագույնի հասցնելու համար, որպեսզի մինչև 2025 թվականը նման դեպքերի թիվը զրոյի հասցնեն։
Նա պարզաբանեց, որ յուրաքանչյուր բանտարկյալ ՔԿՀ ընդունվելիս բուժզննում է անցնում` արտաքին զննություն, ԷՍԳ, որովայնի հատվածի ՈւՁՀ, ստուգվում է ճնշումը, մարմնի զանգվածի ինդեքսը և այլն։
Բացի այդ, բանտարկյալները բուժզննում են անցնում ամեն տարի. վերոնշյալին գումարվում են մի շարք հետազոտություններ, այդ թվում` արյան։ Հիվանդության բացահայտման դեպքում բուժառուն լրացուցիչ հետազոտություններ է անցնում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի տվյալներով, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2142 անձ էր պահվում, որոնցից` 965–ը` դատապարտյալ (86-ը` ցմահ), 1177–ը` կալանավոր։