ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Հանցանք գործած և դատապարտված անչափահասների առաջնային խնդիրներն ընտանիքից են բխում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Աբովյան» ՔԿՀ-ի հոգեբան Շուշան Մաթևոսյանը։
Շուշան Մաթևոսյան
© Sputnik / Aram Nersesyan
Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներն ու կալանավորված անձինք որպես կանոն խուսափում են հոգեբանի հետ շփումից։ Այդ պատնեշը հաղթահարվում է միայն այն դեպքում, երբ նրանք զգում են, որ իրենց խնդիրն իսկապես կարող է լուծում ստանալ։
Մաթևոսյանի խոսքով` անչափահասների հետ աշխատանքը հատկապես նուրբ մոտեցում է պահանջում, քանի որ նրանք շատ զգայուն տարիքում են։
Առաջին շփումը դատապարտված անչափահասների հետ
Առաջին շփումը ՔԿՀ-ում գտնվողների հետ տեղի է ունենում մինչ դատապարտվելը, երբ նրանք դեռ կալանքի տակ են լինում։ Այդ ժամանակ հատկապես անչափահասներն ամբողջությամբ չեն պատկերացնում, թե որտեղ են, ինչ է իրենց սպասում, և հոգեբանն իրենց համար կարծես փրկօղակ լինի։
Մաթևոսյանի խոսքով` հաճախ է լինում, որ շատ երկար ժամանակ դատապարտյալը չի անկեղծանում, չի վստահում դիմացինին (այս դեպքում` հոգեբանին), քանի որ «միացնում է» իր պաշտպանողական ռեակցիան։
Շուշան Մաթևոսյան
© Sputnik / Aram Nersesyan
Ասում է` անձամբ ինքը չի փորձում ծանոթանալ քրեական գործին, ոչ էլ խնդրում է, որ իրեն պատմեն այդ մասին, այլ ուղղակի լսում է անազատության մեջ գտնվող անձի խնդիրը, փորձում հասկանալ`ինչն է անհանգստացնում կամ հուզում նրան։
Աչափահասների դեպքում ամենամեծ խնդիրը տարիքն է` քրեակատարողական հիմնարկ գնում են 16 տարին լրացած դեռահասներ, ու այդ շրջանը մարդու համար ճգնաժամային է համարվում։
«Այդ ժամանակ սկսում է գործել նաև իմ պաշտպանողական ռեակցիան։ Կարևոր խնդիրներից է` անել ամեն ինչ, որպեսզի այս պատերի ներքո չլինեմ իրենց մայրը։ Այստեղ հայտնված երեխաների մեծ մասն առաջին անգամ է լինում այն իրավիճակում, որ տնից հեռու են, ընտանիքի անդամներից ոչ ոք իրենց կողքին չէ, բացարձակապես այլ միջավայրում են ու փակ տարածքում»,- ասում է Մաթևոսյանը։
Շուշան Մաթևոսյանը Sputnik Արմենիայի լրագրող Լիլիթ Դեմուրյանի հետ
© Sputnik / Aram Nersesyan
Խնդիրների մեծ մասն ընտանիքից է բխում
Անձը փակ հաստատություն է մտնում` իր հետ բերելով անձնական խնդիրները և հանցանքից ձևավորված հոգեբանական վիճակը։ Լինում են նաև դեպքեր, երբ ներսում էլ անձնական հարաբերություններն այլ դատապարտյալների կամ կալանավորվածների հետ հարթ չեն լինում։ Հոգեբանն այստեղ մեծ անելիք ունի։ Մեր բանախոսը նշում է` հանցանք գործած անչափահասների վարքագծում առկա խնդիրները բխում են ընտանիքից։
Գլոբալ առումով, ըստ հոգեբանի, ՔԿՀ-ում գտնվող անձանց մեծ մասն այս կամ այն կերպ բռնության ենթարկված են` և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, և՛ սեռական։ Խնդիրներ են լինում նաև բաժանված ծնողների կամ առանց ծնողների մեծանալու պարագայում, երբ երեխաներն իրենց լքված են զգում։
Սպանության համար դատապարտված անչափահասը
Տարիներ առաջ անչափահաս տղա էր դատապարտվել. մի տատիկի էր սպանել, որպեսզի գումար գողանար։ Քրեակատարողականում արդեն տղան շատ ագրեսիվ պահվածք էր դրսևորում` բղավում էր, ցուցադրաբար տարբեր իրեր շպրտում, երբ որևէ բան իր ուզածով չէր լինում, անգամ ինքնավնասումներ արեց մի քանի անգամ։
Նրա «թույլ տեղը» միայն տատ ու պապն էին.
«Միայն թե պապիկս ու տատիկս չիմանան, ինձ այստեղ չտեսնեն»,- կրկնում էր նա։
ՔԿՀ-ի հոգեբանը պատմում է, որ հատկապես այդ տղայի հետ դժվար է եղել կոնտակտի դուրս գալը, սակայն ինքը փորձել է անել հնարավոր ամեն ինչ։ Արդյունքում հասկացել է, որ խնդիրն ընտանիքից է` ծնողները բաժանված էին. տղան ապրում էր մոր ու խորթ հոր հետ, մայրը ոչ մի անգամ չէր եկել որդուն տեսակցելու։
Հոգեբանին այդ փաստն անհանգստացրեց ու մի օր նա զանգեց տղայի մորը, որպեսզի պարզի, թե ինչու չի գալիս սեփական որդուն տեսնելու։ Մայրն ասաց, որ ինքը հիասթափված է ու հոգնած, քանի որ տղան անգամ իր աչքի առաջ է ինքնավնասում արել...
Իսկ տղան սիրում էր կարդալ, հիմնականում` Ֆրիդրիխ Նիցշե, Արթուր Շոպենհաուեր և Զիգմունդ Ֆրեյդ... Հոգեբանն ասում է` առաջնորդի հատկանիշներ ուներ, միայն թե համապատասխան միջավայր ու պայմաններ էին անհրաժեշտ, որպեսզի նա կարողանար լավ կողմից դրսևորել իրեն։
18 տարին լրանալուց հետո տղային տեղափոխեցին անչափահասների ՔԿՀ-ից։ Թե ինչ եղավ հետո, հոգեբանը չգիտի (կամ էլ չուզեց պատմել...):