ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը մնում է միակ միջազգայնորեն լիազորված միջնորդական ձևաչափը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի հետ հանդիպման ժամանակ ասել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, տեղեկանում ենք կառավարության կայքից։
«Հայաստանի փոխվարչապետն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կարևորել են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության պահպանումը և մարդու իրավունքների գերակայությունը։ Այդ համատեքստում Շահիդը ողջունել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Աբդուլլա Շահիդի հետ
© Photo : official site of the Government of RA
Միաժամանակ, նշվում է, որ հանդիպման ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է նաև ԼՂ–ում հումանիտար կարիքների լուծման հարցում ՄԱԿ-ի ներգրավվածության անհրաժեշտությանը, այնուհետև՝ ԼՂ հակամարտությանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ գործընկերությանը, ընդգծել 2030թ.-ի օրակարգի համատեքստում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ երեկ Շահիդը հանդիպել էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, իսկ այսօր՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի հուլիսի 26-29-ը: