Հայաստանում զեղչային համակարգը գործում է խնդիրներով` ով ինչ մոլորեցնող հնարքի ասես դիմում է, քանի որ չկա օրենսդրական կարգավիճակ, կարծում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետ Բաբկեն Պիպոյանը, որը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանեց զեղչերի վերաբերյալ օրենքի փոփոխությունները։
Հուլիսի 31-ից «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ուժի մեջ մտնող փոփոխությունները ենթադրում են, որ մանրածախ առևտրի կետերում զեղչեր կթույլատրվի հայտարարել ոչ ավելի, քան երեք ամսով։ Սա բացատրվում է նրանով, որ այսօր խանութները անժամկետ զեղչեր են հայտարարում, ու անհնար է լինում հասկանալ` որտեղ է ավարտվում զեղչն ու սկսվում սովորական գինը։
«Բավական է տեսնել ամեն սև ուրբաթից հետո հասարակական դժգոհությունը։ Մարդիկ երկար սպասում են, որ սև ուրբաթ լինի ու 30 հազար դրամանոց ապրանք գնեն, բայց ժամերով հերթ կանգնելուց հետո տեսնում են նույն ապրանքը 36 հազար դրամով է վաճառքի հանված»,- ասաց Պիպոյանը։
Նման նախաձեռնությունը, ըստ նրա, շատ կարևոր է, որպեսզի բիզնեսն ի սկզբանե հասկանա, որ չի կարող պայմանական ապրանքը դնել իրական գնից երկու անգամ թանկ, իսկ չվաճառելու դեպքում հայտարարի, թե զեղչում է։ Պետք է ապրանքը վաճառվի իրական գնով, իսկ երբ կարիք լինի ակցիա անելու, անեն՝ ցածրացնելով իրական գինը։
«Բնականաբար, երբ բիզնեսին ասում ես` քո նկատմամբ իրականացնելու եմ վերահսկողություն, նա սկսում է ագրեսիվ գործունեություն ծավալել, իսկ դրա վրա ազդելու համար պետք է հասկանալ՝ արդյոք այս նախագծում կան թերություններ, թե ոչ։ Ասել, որ այն անթերի է, սխալ կլինի, բայց դրանք զուտ «Առևտրի ծառայությունների մասին» օրենքի տեխնիկական բնույթի սխալներ են»,- բացատրեց Պիպոյանը։
Այսպիսով` օրենքի նախագիծը կարևոր է, բայց հարց է՝ օրենքը լավ կկիրառվի, թե ոչ, և արդյոք պետական վերահսկողություն իրականացնողն օրենքի՝ իրեն տրված լիազորությունները հնարավորինս խելամիտ ու ռացիոնալ կկիրառի։
«Որևէ մեկն ազատ շուկայական հարաբերություններին չի խառնվում, ընդամենը ասում են, որ երբ զգում եք՝ ձեր ապրանքը տվյալ գնով լավ չի վաճառվում, գինն իջեցնում եք, դրա անունը զեղչ մի դրեք։ Չի կարող ապրանքը տարին 12 ամիս վաճառվել զեղչով։ Ապրանքը պիտի ունենա գին, ու այդ գնի նկատմամբ զեղչ կիրառվի»,- ասաց Պիպոյանը։
Եթե այս օրենքը մտնի ուժի մեջ և պատշաճ կիրառվի, փորձագետի համոզմամբ, շատ արագ՝ հաշված ամիսների ընթացքում, խնդիրը կլուծվի։ Եթե չլուծվի, մենք կիմանանք, որ պատճառն օրենքի պատշաճ վերահսկողություն պակասն է։