Չավուշօղլուն ասել է` կային երկրներ, որոնք խոչընդոտում էին պարենային գործարքի ստորագրմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն . Արխիվային լուսանկար
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ այդ երկրներն ուզում են, որ հակամարտությունը շարունակվի, որպեսզի թուլացնի Ռուսաստանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է այն երկրների առկայության մասին, որոնք խոչընդոտում էին պարենային գործարքի ստորագրմանը։
Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան:
«Այնպիսի երկրներ կային, որոնք կարծում էին, որ համաձայնագիրը չպետք է ստորագրվի, հակամարտությունը պետք է շարունակվի, որպեսզի թուլացնի Ռուսաստանը»,- ասել է Չավուշօղլուն tv100 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` նախքան փաստաթղթի ստորագրումը, թուրքական կողմը բարդ աշխատանք է կատարել, կողմերի բոլոր մտահոգությունները քննարկվել են:
«Ռուսական գյուղմթերքի արտահանման ճանապարհը բաց կլինի, ըստ Ստամբուլի համաձայնագրի։ Իհարկե, մենք մտահոգված ենք Օդեսայի նավահանգստում տեղի ունեցած գնդակոծություններից, սակայն աշխատանքը կանգ չի առել։ Եթե մեխանիզմը ձախողվի, մեծ խնդիր կլինի»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։