ԲԴԽ–ն նոր դատավոր անդամ ունի

Նաիրա Հովսեփյան
Նաիրա Հովսեփյանը կփոխարինի Ռուբեն Վարդազարյանին, որի լիազորությունները որպես դատավոր դադարեցվել էին էական կարգապահական խախտման հիմքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը նոր դատավոր անդամ ունի: Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

«Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Նաիրա Հովսեփյանը 1991 թվականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս է։ 1996 թվականին նշանակվել է Էրեբունի շրջանային ժողդատարանի դատավոր։ 1999 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Հիշեցնենք` հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որում մի շարք հետաքրքիր դրվագներ էին բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։
Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով։