ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին 500 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային և հակամարտությունից տուժած մյուս երկրներին աջակցելու համար։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Գումարը կուղղվի էներգետիկ ու պարենային անվտանգության կարիքներին, տրանսպորտային ենթակառուցվածքներում ներդրումներին, գյուղարտադրողների ու արտահանողների ֆինանսավորմանը, բնակչության առավել խոցելի խավերի օգնությանը։
Ըստ նախարարության` գումարը վերցվել է Ուկրաինային օգնության տրամադրելու 40-միլիարդանոց փաթեթից, որը մայիսին հաստատել էր Կոնգրեսը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 154-րդ օրը։