ԱՄՆ-ից հրահանգել են պարզել հարցը. բացահայտվել է Քանաքեռում տեղի ունեցած սպանության պատճառը

20-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երևանի Քանաքեռցու փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության և 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ մի շարք հանգամանքներ են պարզվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հուլիսի 13-ին` ժամը 01:05- 05:00-ն ընկած ժամանակահատվածում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել Գյումրի քաղաքի 21-ամյա երկու և Երևան քաղաքի 20 և 19-ամյա բնակիչներ:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիվանդանոցում մահացած 21-ամյա երիտասարդը, դեպքից օրեր առաջ տեղեկանալով, որ ԱՄՆ-ում գտնվող ծանոթն իր մասին վարկաբեկող տեղեկություններ է հայտնել, հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հետ։ Երիտասարդները վիճաբանել և փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց:

Նշված հարցը պարզաբանելու համար ԱՄՆ-ում գտնվող հիշյալ անձը դիմել է Երևանում բնակվող իր 20-ամյա ընկերոջը, որը նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել իր ընկերների հետ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցում գտնվող այգում 21-ամյա երիտասարդի հետ հանդիպելու վերաբերյալ։ Վերջինիս էլ հանդիպման մասին տեղյակ է պահել իր ընկերներին:
Հանդիպումը նախաձեռնած երիտասարդի առաջարկով խոսակցությունը տեղափոխվել է Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցի շենքերից մեկի մոտ, որտեղ էլ վիճաբանություն է առաջացել։ 20-ամյա երիտասարդը դեռևս չպարզված կտրող-ծակող առարկայով հարվածել է 21-ամյա երիտասարդի կրծքավանդակին, ինչի հետևանքով տղան մահացել է:
Քանաքեռում կրկին սպանություն է տեղի ունեցել, սեփական տներից մեկում դիակ է հայտնաբերվել
20-ամյա տղան ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է: Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) և 167-րդ հոդվածի 1-ին (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկվում են քննչական և վարույթային ակտիվ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: