ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ, տեղեկանում ենք ՔԿ–ի պաշտոնական կայքից։
Քրգործերի շրջանակում եղել են սպանության, անզգուշությամբ մահ պատճառելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու և մի շարք այլ դեպքերով գործեր։
Վերը նշված քրգործերով 128 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 2-ը եղել են 14-18 տարեկան, 55-ը՝ 18-35 տարեկան, 71-ը՝ 35 տարեկանից բարձր: 7 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված:
Ընտանիքում կատարված հանցագործություններից 4-ը կատարվել են մոր կողմից, որից 3-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 7-ը՝ հոր կողմից, որից 6-ը` անչափահաս զավակի նկատմամբ։ Եղել են դեպքեր, երբ խորթ մոր կողմից են հանցագործություններ կատարվել, ինչպես նաև եղբոր ու քրոջ, տատ ու պապի կողմից։
Նշված 391 քրեական գործով 296 անձ ճանաչվել է որպես տուժող, որից 58-ն անչափահասների, իսկ մնացածը` չափահասների նկատմամբ։