ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Հուլիսի 24-ին, ժամը 18.41-ին շտապօգնության խումբը «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 17-ամյա պատանու: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Տիգրան Մեծ պողոտայի հարակից զբոսայգում, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, Տիգրան Մեծ պողոտայի հարակից զբոսայգու հատվածում ջրելու հարցի շուրջ վիճաբանություն է եղել 17-ամյա պատանու և վանաձորցի 25-ամյա երկվորյակ եղբայրների միջև, որի ընթացքում էլ նրանցից մեկը սուր-կտրող-ծակող առարկայով խփել է պատանուն:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 25-ին եղբայրները հայտնաբերվել, տեղափոխվել են բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Մարմնական վնասվածք պատճառողը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: