ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Վանաձորի բժշկական կենտրոնում բժիշկները բարդ վիրահատություն են կատարել ու վերականգնել են 5 տարեկան տղայի մատների շարժունակությունը։ Տեղեկությունը հայտնում է ԲԿ-ի մամուլի ծառայությունը։
Վիրահատությունը կատարել է մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանը։ 5-ամյա փոքրիկը բուժկենտրոն է ընդունվել «սինդակտիլիա» պաթոլոգիայով:
Սինդակտիլիան ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում է, որի դեպքում երկու կամ ավելի մատներ մասամբ կամ ամբողջովին սերտաճած կամ ձուլված են միմյանց, ինչի հետևանքով միջմատնային տարածությունը մասամբ կամ ամբողջովին փակված է լինում:
«Մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ ամենակարևոր խնդիրն այն էր, որ կարողանային ոչ միայն մատները ճիշտ առանձնացնել իրարից, այլև այնպես անել, որ հետագայում չառաջանա սպիաձև կոնտրակտուրա, որպեսզի հետագայում մատները կարողանան լիարժեք աշխատել: Վիրահատությունը տևել է 2.5 ժամ: Կատարվել է «զեթպլաստիկա», որը հաջողությամբ է ավարտվել: Երեխայի ամբողջ մաշկը լիարժեք վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ և՛ վիրահատության ժամանակ, և՛ հետվիրահատական շրջանում բորբոքային կամ այլ տեսակի բարդություններ չեն առաջացել: Վերականգնվել է մատների ամբողջական շարժունակությունը, փոքրիկը կարողանում է ազատ շարժել մատները, բացել, փակել ու խաղալ:
Հետվիրահատական շրջանը տևել է 14 օր, որից հետո փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից: