Թունելներ դեպի Շուշի, ճանապարհներ՝ Քարվաճառում. ի՞նչ է կառուցում Բաքուն պատերազմից հետո

Մռավի թունելի շինարարությունը Թողանալը-Քարվաճառ ճանապարհին
Ադրբեջանը լայնածավալ շինարարական աշխատանքներ է իրականացնում պատերազմի հետևանքով իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Ենթակառուցվածքների շինարարությամբ հիմնականում թուրքական ընկերություններն են զբաղվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 44-օրյա պատերազմից ամիսներ անց Ադրբեջանն սկսեց Արցախի` իր վերահսկողության տակ անցած տարածքներում տարբեր ենթակառուցվածքներ ստեղծել, որոնց շինարարությունը մինչ օրս ընթանում է։ Դրանց մի մասը տեսանելի է նույնիսկ հայկական կողմից՝ Արցախ մեկնելիս։ Sputnik Արմենիան, օգտվելով արբանյակային լուսանկարներից, ադրբեջանական ու թուրքական մամուլի հրապարակումներից և այլ բաց աղբյուրներից, ուսումնասիրել է իրականացվող աշխատանքները։ Մեզ հայտնի տվյալներով, այս պահին նախատեսվում և իրականացվում է առնվազն 35 թունելի, 10 ավտոճանապարհի ու 2 երկաթուղու կառուցում։ Վերանորոգվում են նաև նախկինում առկա ճանապարհներ ու երկաթուղի։
Թվարկված ենթակառուցվածքի շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ ու մեծ թափով։ Դրանք հիմնականում նպատակ ունեն զբաղեցրած տարածքները միմյանց ու Ադրբեջանի շրջաններին կապել։ Ադրբեջանը միջոցներ չի խնայում՝ ցույց տալու, թե մեծածավալ աշխատանքներ է իրականացնում։
Պատերազմի հետևանքով Արցախի շրջանները միմյանց կապող ճանապարհները, կարելի է ասել, մասնատվել են՝ մի մասն անցել է Ադրբեջանին, մյուսը մասը՝ մնացել հայկական վերահսկողության տակ: Այս պարագայում ադրբեջանական կողմն Արցախի տարածքներն իր ենթակառուցվածքներին միացնելու համար պետք է նաև նախկին ճանապարհներին այլընտրանքներ ստեղծի։ Ենթակառուցվածքային նախագծերի թվում կան և՛ միանգամայն նորերը, և՛ նախկին ճանապարհներ, որոնք վերանորոգվում են։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից այդ տարածքներում արվող աշխատանքը հիմնականում անվտանգային ու ռազմական նպատակ են հետապնդում։
Հորադիզ-Աղբանդ ճանապարհի շինարարություն
Ի դեպ, ենթակառուցվածքի շինարարությունն Ադրբեջանի իշխանությունները հիմնականում պատվիրել են թուրքական տարբեր ընկերությունների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ շրջապատին պատկանողներին։ 2021թ․ հունիսին Էրդողանի՝ Շուշի կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվում է շինարարության մեջ ներգրավված երեք թուրքական ընկերություն՝ «Քոլին», «Քալյոն» և «Ջենգիզ»։ Ուշագրավ է, որ այս ընկերությունների ղեկավարները Թուրքիայում հայտնի են որպես մերձիշխանական «բանդա», որոնք ձեռք են բերում երկրի շինարարական բոլոր խոշոր նախագծերը։

Ավտոճանապարհներ

Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարբեր շրջաններում՝ հյուսիսից հարավ, մոտ մեկ տասնյակ* նոր ավտոճանապարհներ են կառուցվում, կան նաև նախկին ճանապարհներ որոնք վերանորոգվում են։
Ավտոճանապարհներ
Ադրբեջանը երկու՝ իրար զուգահեռ, ճանապարհ է կառուցում դեպի Շուշի: Առաջինն, ինչպես ադրբեջանցիներն են այն կոչել, «Հաղթանակի ճանապարհն է», որը սկսվում է հարավային Ահմեդբեյլի բնակավայրից, ապա բարձրանում դեպի Վարանդա (Ֆիզուլի) ու հասնում Շուշի։ Ահմեդբեյլիում ճանապարհը միանում է Մ6 միջպետական մայրուղուն, որով կարելի է հասնել երկրի արևելյան շրջաններ՝ ընդհուպ մինչև Բաքու։
Լրիվ նույն երթուղով՝ Ահմեդբեյլի բնակավայրից երկրորդ ճանապարհն է կառուցվում։ Թեպետ սա ավելի կարճ է զուգահեռ գնացող ճանապարհից, սակայն ավելի լայն է։
Նույն Ահմեդբեյլի բնակավայրից դեպի հարավ-արևմուտք կառուցվում է ճանապարհ մինչև Աղբանդ բնակավայր, որն անցնում է Հորադիզով։ Այս ճանապարհն է, որ ադրբեջանական կողմի ներկայացմամբ , շարունակվելով հայ-իրանական սահմանի երկայնքով, պետք է միանա Նախիջևանին, այդպիսով դառնալով ավտոմոբիլային «միջանցք»**։ Ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել 2024-25թթ․։
Շինարարական ընթացող աշխատանքներից ծախսերի առումով ամենաարդարացվածը, կարելի է ասել, Արցախի հյուսիսում՝ դժվարանցանելի Քարվաճառում կառուցվող ճանապարհներն են, քանի որ դեպի Քարվաճառ գնացող հիմնական ճանապարհը Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն էր, որն այժմ անցնում է Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած տարածքով։
Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ մինչ ենթակառուցվածքը դեպի Քարվաճառ կկառուցվի, իրենք ռուս խաղաղապահների վերահսկողության տարածքով, այդ թվում՝ Լաչինի միջանցքով են միայն կարողանում բեռներ տեղափոխել, որովհետև Օմարի լեռնանցքի ճանապարհները դժվարանցանելի են։
Այստեղ ադրբեջանական կողմը երկու ավտոճանապարհ է կառուցում․ մեկն ադրբեջանական Գյոյգյոլի շրջանի Թողանալը գյուղից դեպի հարավ՝ մինչև Քարվաճառի շրջանի Ջերմաջուր (Իսթիսու) գյուղն ընկած ճանապարհն է, մյուսը՝ Քարվաճառը Բերձորին միացնողը։ Վերջինս հիմնականում անցնում է նախկին ճանապարհի գծով։ Երկուսն էլ նախատեսվում է ավարտել 2025թ․։

Ավելի փոքր ճանապարհներ

Ամենաքննարկվող ճանապարհային նախագծերից բացի, կառուցվում ու վերանորոգվում են նաև միջանկյալ ու ավելի կարճ ճանապարհներ (տե՛ս քարտեզում)։ Դրանցից են Ակնա(Աղդամ)-Վարանդա, Վարանդա-Հադրութ, Հադրութ-Ջրական(Ջաբրայիլ)-Շյուքյուրբեյլի ուղիները։ Շյուքյուրբեյլիում ճանապարհը միանում է հարավային Հորադիզ-Աղբանդ ճանապարհին։ Իրար են կապվում նաև Խուդաֆերինը, Սանասարն (Կուբաթլուն) ու Բերձորը։
Ադրբեջանը նաև նոր ճանապարհ է կառուցում Սանասարից դեպի Հայաստանի սահմանի մոտ գտնվող Որոտան (Էյվազլի) գյուղը, որտեղ միանում է Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածին, որն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել արդեն 44-օրյա պատերազմից հետո։ Այս ուղղությամբ կառուցվում է նաև Սանասար-Մահմուդլու -Հայաստանի սահման ճանապարհը։
Հյուսիսում կառուցվում է Թարթառն ու Մատաղիսն իրար կապող ճանապարհ, որը շարունակվում է դեպի Թալիշ, այնուհետ՝ ադրբեջանական Ղաշալթը բնակավայր։ Վերանորոգվում է նաև ադրբեջանական Բարդայից դեպի Ակնա ճանապարհը։

Երկաթուղիներ

Այս պահին կառուցվող կամ վերանորոգվող հիմնական երկաթուղիները երեքն են՝ Ահմեդբեյլի-Շուշի երկու ավտոճանապարհին զուգահեռ, հարավում՝ Հորադիզ-Աղբանդ ճանապարհին զուգահեռ և Բարդա-Ակնա երկաթուղին։ Սրանք միացվելու են Ադրբեջանի տարածքի այլ երկաթգծերին։
Երկաթուղային ճանապարհներ
Հորադիզ-Աղբանդն, ինչպես ավտոճանապարհի, այնպես էլ երկաթուղու դեպքում, ներկայացվում է որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»** մաս, որը պիտի միանա Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղուն՝ այդպիսով կապ հաստատելով Ադրբեջանի ու Նախիջևանի Ինքնավարության միջև, այնտեղից էլ դեպի Իգդիր՝ կապ հաստատելով նաև Թուրքիայի հետ։
Ադրբեջանը հայտարարել է նաև, թե պլանավորում է երկաթուղի կառուցել ադրբեջանական հյուսիսային Դելիմամեդլի բնակավայրից դեպի Քարվաճառ, սակայն այս պահին երկաթուղու կառուցումը սկսելու կամ հստակ պլանավորման մասին տեղեկություններ չկան ։

Թունելներ

Վերևում թվարկված հիմնական ավտոճանապարհների ու երկաթուղիների մի մասի վրա կառուցվում են նաև թունելներ։ Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության մամուլի խոսնակ Անար Նաջաֆլին դեռ մեկ տարի առաջ հայտարարել է, որ նախատեսվում է կառուցել ընդհանուր 70 կմ երկարությամբ թունելներ տարբեր տեղերում՝ հյուսիսից հարավ։ Այս պահին ադրբեջանական աղբյուրներից մեզ հայտնի կառուցվող թունելների ընդհանուր երկարությունը ~31,7 կմ է, ինչը նշանակում է, որ դեռ առնվազն 38 կմ-ի չափով նոր թունելներ կկառուցվեն, որոնք առայժմ մեզ անհայտ են։
Թունելներ
Այս պահին հայտարարված է 35 թունելի մասին, որոնցից առնվազն 17-ի աշխատանքներն արդեն սկսված են (տե՛ս քարտեզում)։ Հայտարարված թունելների մյուս մասի աշխատանքների սկսվելու մասին տեղեկություն առայժմ չկա։
Թունելներից ամենաերկարը և ամենաարդարացվածը ~12 կմ-ոց Մռավի թունելն է՝ Թողանալը-Քարվաճառ-Ջերմաջուր ավտոճանապարհի վրա, քանի որ մոտ 3 հզ մետր բարձրության վրա ճանապարհն առանց թունելի գրեթե անանցանելի կլիներ։ Նույն ճանապարհի վրա, Մռավի թունելից բացի, կառուցվելու է ևս 3 թունել, դրանցից երկուսն ավելի հյուսիս՝ դեպի Թողանալը, արդեն կառուցման փուլում են, մյուսի տեղն այս պահին անհայտ է։
Մռավի թունելի շինարարությունը
Ադրբեջանական կողմը հայտարարել է 11 թունելի կառուցման մասին Քարվաճառ - Բերձոր դեռ անպատրաստ ճանապարհի վրա, դրանցից 4-ի աշխատանքներն արդեն սկսվել են։
7 թունել կառուցվում է Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի ավտոճանապարհին։ Դրանցից մեկը տեսանելի է նույնիսկ Լաչինի միջանցքով Ստեփանակերտ գնալիս։ Եվս 3 թունել կառուցվում է հարավում՝ Հորադիզ-Աղբանդ ավտոճանապարհի վրա։

Չտեղորոշվող, բայց հայտարարված

Հայտարարված, սակայն առայժմ չտեղորոշվող թունելները հիմնականում երկաթուղիների համար են։ Ինչպես ավտոճանապարհի, այնպես էլ Շուշի գնացող երկաթուղու համար նախատեսվում է 7 թունելի կառուցում։ Եվս 3-ը նախատեսվում է կառուցել Հորադիզ-Աղբանդ երկաթուղու վրա։ Դրանցից մեկն, ինչպես հայտնում է ադրբեջանական report.az լրատվականը, արդեն կառուցման փուլում է։
Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում իսկապես մեծածավալ շինարարական աշխատանք է իրականացվում, որոնց մի մասն Ադրբեջանի համար ռազմական ու անվտանգային տեսանկյունից անհրաժեշտություն է։ Մյուս կողմից, այս մեծածավալ աշխատանքներն արվում են թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին ցույց տալու համար, թե Ադրբեջանն այդ տարածքները վերահսկողության տակ վերցնելուց հետո «Ղարաբաղը բարեկարգում է» ու ստեղծում ենթակառուցվածքներ, որպիսիք նույնիսկ Ադրբեջանի տարածքում չկան։
*Նշենք, որ այս ճանապարհների թվում չենք ներառել Բերձորի միջանցքի այլընտրանքային ճանապարհը, որը շրջանցում է Արցախի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս գյուղերը, քանի որ ճանապարհն, ըստ էության, ադրբեջանական ենթակառուցվածքի ընդհանուր ցանցի մի մասը չպետք է լինի, պարզապես այս պահին փաստացի կառուցվում է Ադրբեջանի կողմից:
**Հիշեցնենք, որ հայկական կողմը հերքում է ճանապարհի միջանցքային տրամաբանություն ունենալը ու պնդում՝ այն չի կարող ունենալ նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքն է։ Ճանապարհը պարզապես հնարավորություն է տալու Ադրբեջանից Նախիջևան գնալ։ Թեպետ Ադրբեջանն ու Թուրքիան այն անվանում են «Զանգեզուր», այնուամենայնիվ, ըստ ներկայացվող նախագծերի՝ ճանապարհն անցնելու է ոչ թե Սյունիքի մարզը «կիսելով», այլ հայ-իրանական սահմանի երկայնքով։