ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման արդյունքներով ելույթից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ Միրզոյանից հետաքրքրվել էին, թե ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա։
«Մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու, և հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք կհաջողենք այս գործընթացում»,–ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով ԼՂ հարցի լուծմանը` Միրզոյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։
Հայաստանի արտգործնախարարն ասել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման։
Հիշեցնենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով Չեխիայում է հուլիսի 26-ից։ Նա հանդիպում կունենա նաև Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ: