ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանում մինչ օրս կապիկի ծաղիկով վարակման դեպք չի արձանագրվել։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման 1 դեպք։ Նման դեպքեր արձանագրվել են նաև Վրաստանում և Թուրքիայում։
Գերատեսչությունից հայտնում են, որ համագործակցում են համապատասխան կառույցների հետ, որպեսզի կանխարգելեն Հայաստան կապիկի ծաղիկ վարակի ներթափանցումն ու տարածումը։
Մասնավորապես, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը:
Բացի դրանից, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համապատասխան կառույցներն ուժեղացրել են սանիտարակարանտինային հսկողությունը ՀՀ պետական սահմանի անցման կետերում՝ հիվանդության կասկածով անձանց վաղ հայտնաբերման նպատակով:
280 բուժաշխատողի շրջանում դասընթաց է իրականացվել։ Վերջիններս տեղեկացվել են, թե ինչպես պետք է նմուշառումն իրականացվի, ինչ լաբորատոր հետազոտություններ են անհրաժեշտ լինելու։
Նշենք, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են: