Պարենային ճգնաժամն ավելի երկար կտևի, քան ռուս-ուկրաինական հակամարտությունը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահն ասել է ,որ անհրաժեշտ է զարգացնել գյուղատնտեսությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Պարենային ճգնաժամն ավելի երկար կտևի, քան ուկրաինական հակամարտությունը։ Դրա հետևանքները չեն վերանա 12-18 ամիս անց, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովստիից։

«Պատերազմը երկար է ընթանալու, իսկ սննդամթերքի շուկայում ապակայունացումը կտևի ավելի երկար։ Չէ՞ որ վեց, տասներկու, տասնութ ամիս հետո պատերազմի հետևանքները չեն վերանալու»,–ասել է Մակրոնը Կամերունում գլոբալ պարենային անվտանգության հարցերով հանդիպմանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել բնակչությանը որակյալ արտադրանք տրամադրել, ինչպես նաև զարգացնել գյուղատնտեսությունը:
Նշենք, որ ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, իսկ Արևմուտքը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային շուկաներ Ուկրաինական հացահատիկի մատակարարումներին հակազդելու մեջ։
Ընդ որում` կիևյան իշխանություններն իրենք են խոչընդոտներ ստեղծել հացահատիկի արտահանման համար. բացի Մարիուպոլի նավահանգստում հացահատիկի հրկիզումից, ուկրաինական զորքերն ականապատել են Սև ծովի տարածքը, ինչի հետևանքով անհնար է դարձել ցորենը նավերով համաշխարհային շուկաներ տեղափոխելը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 153-րդ օրը։