ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Միգրացիոն ծառայությունն այսուհետ կգործի նաև Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող հանրային ծառայությունների միասնական գրասենյակում, տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Նշվում է, որ այսուհետ այդ հասցեում կգործի օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման ծառայությունը։
Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուն workpermit.am հարթակով էլեկտրոնային հայտ է ներկայացնում։ Այն էլեկտրոնային տարբերակով շրջանառվում է իրավասու մարմինների միջև։ Դրական որոշման պարագայում օտարերկրացին ստանում է ծանուցում, որպեսզի ներկայանա Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ և վերցնի քարտը՝ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը։
ԵԱՏՄ անդամ պետությունների` Հայաստանում աշխատող քաղաքացիներն անձամբ են գրանցվում workpermit.am կայքում, ավելի կարճ ժամկետում ստանալով ծանուցում՝ ներկայանալու գրասենյակ և վերցնելու բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը՝ քարտի տեսքով։