ՌԱԴԻՈ

ՀՀ–ում կտրուկ աճել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ բռնությունների քանակը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2022 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցին:
Sputnik
Հայաստանում կտրուկ աճել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ բռնությունների քանակը, և վերջին երեք ամիսներին գրանցվել է 11 դեպք` 12 տուժող, և այդ դեպքերից 10-ը տեղի է ունեցել զանգվածային ակցիաների ժամանակ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա տեղեկացմամբ` ապրիլից հունիս ժամանակահատվածը բավական լարված էր, երբ ընդդիմությունն իրականացնում էր անհնազանդության կոնկրետ գործողություններ, հետևաբար, ցուցարարների և ոստիկանության ընդհարումների ընթացքում տուժել են նաև լրագրողներ ու օպերատորներ:
«ԶԼՄ ներկայացուցիչները կատարել են իրենց պարտականությունները և գտնվում էին այդ վայրերում իրադարձությունները լուսաբանելու համար։ Բոլոր միջադեպերի վերաբերյալ մենք տասը լրագրողական կազմակերպությունների հետ միասին հանդես ենք եկել քննադատական հայտարարություններով։ Ոչ միայն դատապարտել ենք բռնությունները, այլև պահանջել ենք իրավապահ մարմիններից զսպվածություն ցուցաբերել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ` հաշվի առնելով, որ նրանք կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները։ Ոստիկանները ոչ թե պետք է խոչընդոտեն, այլ բարենպաստ ու անվտանգ պայմաններ ստեղծեն նրանց աշխատանքի համար»,- ասաց Մելիքյանը։
Նա տեղեկացրեց, որ նախորդ եռամսյակում ԶԼՄ ներկայացուցիչների հասցեին տարատեսակ սպառնալիքների և հաշվեհարդար իրականացնելու կոչերի քանակը նույնպես եղել է 11։ Ըստ նրա` վերջին շրջանում իշխանության կողմից օրենսդրական նախաձեռնությունները տեղի ու միջազգային մասնագիտական կառույցների կողմից որակվել են որպես խոսքի ազատությանը վնասող ու ռեգրեսիվ, քանի որ հակասում են նաև եվրոպական նորմերին։
«Այդուհանդերձ, պետք է նշել մի դրական գործընթաց։ Իշխանություններն այնուամենայնիվ ընդունեցին իրենց սխալը, և արդեն իսկ քրեականացված ծանր վիրավորանքը կրկին ապաքրեականացվեց։ Մյուս կողմից, մեր մեդիա օրենսդրությունը նույնպես արմատական բարեփոխումների կարիք ունի, և որպեսզի ռեգրեսիվ միտումները մենք կանխենք, դիտարկվող ժամանակահատվածում հանդես եկանք մի նախաձեռնությամբ, ըստ որի` գործադիր, օրենսդիր իշխանությունը և քաղհասարակության կազմակերպությունները պետք է համատեղ ջանքերով բարեփոխեն մեդիա օրենսդրությունը։ Ունենք որոշակի պայմանավորվածություններ ինֆորմացիոն ոլորտի զարգացման ու մեդիա օրենսդրության բարեփոխումների համատեղ հայեցակարգ ներկայացնելու հարցում»,- նշեց Մելիքյանը։
Նրա համոզմամբ` անհանդուրժողականության և մամուլի բևեռացման հետևանքն է, երբ հակառակ հայացքներ ունեցող ուժերի կողմից կազմակերպված միջոցառումների մասնակիցներն են ագրեսիվ պահվածք դրսևորում լրագրողների նկատմամբ, իսկ հաճախ էլ նման վարքագիծ են դրսևորում ոստիկանները` նպատակաուղղված ճնշում գործադրելով ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ։
Երբ Մոնթեի մասին գրելը տաբու է. ԲՏԱ–ն պատրաստվում է «Մետա»-ին դիմել
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի դիտարկմամբ` ինչպես հաճախ լինում է հեղափոխություններից հետո, նկատվում է հետընթաց, և այն ձեռքբերումները, որոնք հետհեղափոխական առաջին երկու տարիներին ակնհայտ էին, կամաց-կամաց վերացան։ Այսօր արդեն տեսանելի է խնդրահարույց իրավիճակ, բայց դա, Մելիքյանի գնահատմամբ, համաշխարհային միտում է, և ժողովրդավարական արժեքները նահանջ են արձանագրել գրեթե ամենուր։