ՀՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ. փոխվարչապետ

Տեղի է ունեցել ՀՀ ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ։ ՀՀ ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ ասել է փոխվարչապետ Մաթևոսյանը, տեղեկանում ենք կառավարության կայքից։

«ՀՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ, որը ենթադրում է միջոցառումների իրականացում ուղղված և՛ ճանապարհային անվտանգության օրենսդրության վերանայմանը, և՛ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, և՛ տրանսպորտային միջոցների անվտանգությանը, ինչպես նաև կրթական ծրագրերի ու հանրային իրազեկման արշավների իրականացման անհրաժեշտությանը»,- ասել է փոխվարչապետը։

Նա նշել է նաև, որ ամբողջ աշխարհում ՃՏՊ-ների հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ: Ըստ Համբարձումյանի` վիճակագրությունն այս առումով մտահոգիչ է նաև Հայաստանում, քանի որ մեզ մոտ ՃՏՊ-ներից տարեկան 300-ից ավելի մարդ է մահանում։
Հավելենք, որ նիստին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մարզպետները, ՃՈ ծառայության պետ Եգոր Կարապետյանը...
Սանոսյանը Սյունիքում հետևել է ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներին
Նշվում է, որ հանձնաժողով ստեղծելու նպատակը շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների ուշադրությունը ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և բացերի վրա հրավիրելն է։