ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Փարիզում կայանալիք «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովին» («73-rd International Astronautical Congress»), հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-22-ը անցկացվող համաժողովի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը տրված է։
Համաժողովի շրջանակում կանցկացվի նաև «Տիեզերքը բոլորի համար» («Space for All») խորագրով ցուցահանդեսը:
Բացի տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտների այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում:
Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.surveymonkey.com/r/NWQPFFG:
Հայտերիընդունման վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է:
Ցուցահանդեսի մանրամասներին կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում՝ https://iac2022.org/:
Հաշվի առնելով մասշտաբայնությունն ու ձևաչափը՝ նախարարությունը նախատեսում է միջոցառման ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայանալ միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական լուծումները տիեզերական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը: