ԵՄ-ն կարող է կրկնապատկել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինայից․ եվրահանձնակատար

Էլեկտրասյուներ
Էլեկտրաէներգիայի մատակարարումների աճը Ուկրաինային թույլ կտա լրացուցիչ եկամուտներ ստանալ հակամարտության հետևանքների փոխհատուցման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգային օպերատորների եվրոպական ցանցի ներկայացուցիչները կհանդիպեն այս շաբաթ, որպեսզի որոշում կայացնեն Ուկրաինայից մատակարարումների ծավալի կրկնապատկման վերաբերյալ, այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Էլեկտրաէներգիայի մատակարարման ներկայիս ծավալը (Ուկրաինայից- խմբ.) ներկայումս գտնվում է 100 մեգավատի մակարդակում։ Էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգային օպերատորների եվրոպական ցանցի ներկայացուցիչները կհանդիպեն այս շաբաթ, որպեսզի որոշում կայացնեն այդ ծավալի կրկնապատկման մասին»,-ասել է նա։
Եվրահանձնակատարը հստակեցրել է, որ որոշումը կարող է ուժի մեջ մտնել պայմանավորվածությունից անմիջապես հետո:
Սիմսոնը հավելել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումների աճը Ուկրաինային թույլ կտա լրացուցիչ եկամուտներ ստանալ հակամարտության հետևանքների փոխհատուցման համար, իսկ ԵՄ-ին դա լրացուցիչ մատչելի էլեկտրաէներգիա կտա այն ժամանակ, երբ գները հատկապես բարձր են:
Ինչպես ավելի վաղ նշել է տնտեսության գծով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին՝ Եվրոպայում «երկնագույն վառելիքի» գները հունիսի վերջին ավելի քան վեց անգամ բարձր են եղել անցյալ տարվա ցուցանիշներից: Նրա խոսքով ՝ անցած ամսվա վերջին գազը վաճառվում էր մեկ մեգավատ/ժամի դիմաց 140 եվրոյի մակարդակում, իսկ հուլիսի 12-ի դրությամբ այն հասել էր մեկ մեգավատ/ժամի դիմաց 173 եվրոյի։