ՌԱԴԻՈ

ԵԱՀԿ ԽՎ-ում Արցախի կոնֆլիկտն անտեսո՞ւմ են․ փորձագետը՝ Աղաջանյանի հայտարարության մասին

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունը։
Sputnik
Հայաստանի իշխանությունների համար արդեն ձեռագիր է դարձել սեփական պատասխանատվությունը երրորդ կողմին պատվիրակելն ու ոչ բավարար աշխատանքի դեպքում արդյունք չունենալու համար միջնորդին կամ դաշնակցին մեղադրելը։ Sputnik Արմենիայի եթերում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանն այսպես մեկնաբանեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունը ԵԱՀԿ ԽՎ հասցեին։
Աղաջանյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ ԽՎ-ն փետրվարից այս կողմ իր ամբողջ ուշադրությունը սևեռել է Ուկրաինայի վրա և ուշադրություն չի դարձնում տարածաշրջանում այլ կոնֆլիկտներին։
«Եթե անգամ ԵԱՀԿ ԽՎ-ն իսկապես կենտրոնացած է միայն Ուկրաինայի վրա, դա պետք է սթափեցնող ցուցիչ լիներ, որ մեր պատվիրակությունն ավելի լուրջ ջանք ներդներ մեզ առնչվող հարցերն օրակարգ բերելու համար։ Դա որևէ կերպ չի նշանակում, որ մեր պատվիրակության ղեկավարը պիտի նման հայտարարություններ անի»,- ասաց փորձագետը։
Մխիթարյանը չի բացառում՝ իրականություն է այն, որ հինգ ամսից ավելի է՝ աշխարհի և հատկապես եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում են ուկրաինական զարգացումները, բայց դա չի նշանակում, որ մեր տարածաշրջանը դուրս է օրակարգերից։ Դրա վկայությունն են վերջին շրջանում տեղի ունեցող այցելությունները և հեռախոսազանգերը, ինչը, Մխիթարյանի կարծիքով, վկայում է, որ մեր տարածաշրջանը միջազգային հանրության լուրջ խաղացողների, տարածաշրջանում շահեր ունեցող երկրների ուշադրության կենտրոնում է։
Պարզապես, Մխիթարյանի բնորոշմամբ, իրավիճակը հիմա այլ է, ու եթե նախկինում իսկապես բարդ էր ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակության տարած աշխատանքը, ապա հաշվի առնելով այսօր օբյեկտիվորեն ստեղծված իրավիճակը, մեր պատվիրակության կողմից պիտի մի քանի անգամ ավելի շատ աշխատանք ու ջանք ներդրվեր արդյունք ունենալու համար։ Այս տեսանկյունից մեր պատվիրակության ղեկավարի հայտարարությունը Մխիթարյանն անտեղի է համարում։
ԵԱՀԿ վեհաժողովում չի հաջողվել ՀՀ-ին կամ Արցախին առնչվող որևէ լրացում ներառել. Գալստյան
Մյուս կողմից, այսպիսի գործողություններն ու հայտարարությունները նպաստում են Բաքվի ներկայացրած օրակարգերին։ Թեպետ սխալ է ԵԱՀԿ ԽՎ-ն նույնացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հետ, քանի որ դրանք տարբեր են, սակայն հայկական կողմից գործողություններ կան, որոնք կարծես սպասարկում են Բաքվի ներկայացրած օրակարգը, ըստ որի ԵԱՀԿ եռանախագահության ձևաչափից պետք է հրաժարվել։
«Սա մեզ համար ռիսկային գործընթաց է, և շատ ավելի վտանգավոր է, որ ըստ էության, ՀՀ իշխանությունների կողմից այս գիծը շարունակվում է»,- նշեց Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Աղաջանյանը ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչների պահվածքն անընդունելի և դատապարտման արժանի էր համարել՝ հիշեցնելով, որ հունիսի վերջին տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն առաջարկել էր որոշակի փոփոխություններ կատարել ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովի վերջնական բանաձևում, սակայն դրանք չէին հաստատվել և չէին արձանագրվել փաստաթղթի վերջնական տարբերակում։