Բլինկենը Ալիևին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը. Արխիվային լուսանկար
Պետքարտուղարը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է ներգրավվել բանակցություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին ազատ արձակել իր երկրում պահվող հայերին:
Տեղեկացվում է, որ Էնթոնի Բլինկենը և Իլհամ Ալիևը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը: Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների առաջարկը՝ աջակցել տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացմանը: Բլինկենը կոչ է արել շարունակել ուղիղ երկխոսությունը, ինչպես վերջերս Թբիլիսիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն էր:
Պետքարտուղարը նաև հաստատել է ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին աջակցելը։ Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ քննարկումներում, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության ուղին:
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ երեկոյան պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք ևս քննարկել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրին առնչվող հարցեր։