ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ Տավուշի մարզում մեկնարկած մշտադիտարկման այցերի առաջին օրն Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում առանձնազրույցներ և քննարկումներ են եղել համայնքների բնակիչների հետ։ Բնակիչների կողմից բարձրացված հարցերը նաև քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ, հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից։
Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացմանը, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը ։
Վեր են հանվել, ինչպես անհատական բնույթի խնդիրներ անձանց առողջության պահպանման իրավունքի և սոցիալական իրավունքների վերաբերյալ, այնպես էլ համակարգային խնդիրներ՝ համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների և անվտանգային հարցերի հետ կապված։
Մի շարք խնդիրների հետ կապված՝ պաշտպանի իրավասության շրջանակներում տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ անհատական խնդիրների կարգավորման և դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակով, իսկ համակարգային խնդիրների հետ կապված՝ նաև պարզաբանումներ են պահանջվել տարբեր իրավասու մարմինների ներկայացուցիչներից:
ՄԻՊ գրասենյակից խոստանում են այցի արդյունքների մանրամասները հրապարակել մշտադիտարկման այցերի ավարտից հետո։