ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռումինիայում տեղակայված ամերիկացի զինվորականները ռումինացի զինվորների հետ համատեղ հուլիսի 30-ին ցուցադրական վարժանքներ կանցկացնեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռումինիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
«101-րդ ամերիկյան օդադեսանտային դիվիզիայի մարտական խմբի 2-րդ բրիգադի կազմում ընդգրկված ուժերը ցուցադրական վարժանքներ կանցկացնեն «Մերեշտ» մեքենայացված 9-րդ բրիգադի զինծառայողների հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Միխայիլ Կոգելնիչանուի անվան ավիաբազայում (գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա) կայանալիք միջոցառմանը կմասնակցեն պաշտպանության շտաբի պետ գեներալ Դանիել Պետրեսկուն և 101-րդ օդադեսանտային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Ջոզեֆ Մաքգին:
Միաժամանակ կկազմակերպվի տեխնիկայի ցուցահանդես, որում կներկայացվեն հարվածային ուղղաթիռներ, տանկեր, զրահապատ դեսանտային փոխադրիչներ, հրետանային և զենիթահրետանային տարրեր, ինչպես նաև ռումինական և ամերիկյան ստորաբաժանումներին պատկանող հատուկ ինժեներական միջոցներ և առաջին բուժօգնության միջոցներ: