ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նրանք քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրին առնչվող հարցեր։
«Բլինկենը ԱՄՆ-ի պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին: Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը»,- ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու 2 երկրների հարաբերությունների կարգավորմանը:
ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումների կապակցությամբ և պայմանավորվել շարունակել երկխոսությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։