ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացում լուրջ ենք տրամադրված, թուրքական TRT հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ի սկզբանե մեր կարմիր գիծն Ադրբեջանն էր: Մենք ասել ենք, եթե Ադրբեջանի հարցը սկսի լուծվել, մեր դռները կբացենք։ Սակայն արդեն բացի խոսքից, սպասում ենք, որ Հայաստանը հստակ քայլեր կանի: Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացում լուրջ ենք տրամադրված: Ի վերջո մեր երկրում 100 հազար հայ է ապրում, Թուրքիայի քաղաքացի հայեր կան, քաղաքացու կարգավիճակ ունեցողներ կան: Սա այս գործընթացին մեր մոտեցումն է ցույց տալիս: Մենք Հայաստանի հետ մեր մոտեցումը մշակում ենք Ադրբեջանի հետ համակարգված ձևով»,-հայտարարել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղարն էր մեկնաբանել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Օմեր Չելիքը հայտարարել է, որ գործընթացի հաջողությունը կախված է նրանից, թե «արդյոք Հայաստանը կպահի իր խոսքը»։
«Նախկինում որոշ պետություններ սաբոտաժի էին ենթարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որպեսզի հայկական սփյուռքն իրենց վերահսկողությունից դուրս չգա»,-ասել է կուսակցական պաշտոնյան:
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին՝ Վիեննայում։