Հայաստանի ֆերոմոլիբդենի գործարաններն ավարտել են վերազինումը և աշխատում են ամբողջ ծավալով

Գործարան
Հայաստանում ավելացել է մոլիբդենի արդյունահանումը, և երկրում ևս երկու նոր, փոքր գործարաններ են ստեղծվել ավելացած հումքը վերամշակելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ֆերոմոլիբդենի երկու խոշոր գործարանները, որոնք գործում են Հայաստանում, ավարտել են վերազինումը և աշխատում են ամբողջ ծավալով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։
Ֆերոմոլիբդենն արտահանման համար նախատեսված կարևորագույն ապրանքներից մեկն է։ 2021 թվականին արտահանման ցանկում 4-րդ տեղում է եղել (մոտ 189 մլն դոլար)։
«Մինչև 2020 թվականը Հայաստանում արդյունահանվող մոլիբդենն արտահանվում էր հիմնականում վերամշակված ձևով (ֆերոմոլիբդեն) և միայն փոքր մասը` նախնական մշակված (մոլիբդենի խտանյութ)։ 2020-ին Հայաստանում գործող ֆերոմոլիբդենի երկու խոշոր գործարանները («Մաքուր երկաթի գործարան» և AMP) տեխնոլոգիական վերազինում են անցել և այժմ կրկին աշխատում են ողջ հզորությամբ»,– ասաց Ջհանյանը։
Դրա հետ մեկտեղ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և այլ հանքահումքային ընկերություններ անցյալ տարվանից ավելացրել են արդյունահանումը, և այժմ երկու նշված գործարանները չեն հասցնում ձուլման ենթարկել ամբողջ մոլիբդենային հումքը։
«Այդ պատճառով ոլորտը հետաքրքիր է դարձել նոր տնտեսվարողների համար, վերջին տարիներին երկու նոր գործարաններ են սկսել աշխատել Արմավիրում և Հրազդանի տարածաշրջանի Ալափարս գյուղում, բայց առայժմ փոքր ծավալներով են աշխատում, և հիմա էլ արտադրվող մոլիբդենի կոնցենտրատի մի մասը արտահանվում է երկրից», – նշեց Ջհանյանը։
Պարզաբանենք` հանքաքարի խտանյութը 40-50% մոլիբդեն է պարունակում, իսկ ֆերոմոլիբդեն` 65-70%։ Այն մոլիբդենի և երկաթի ու մի փոքր այլ մետաղների խառնուրդով միաձուլվածք է, պողպատի տարբեր տեսակներում օգտագործվում է որպես ամրացնող հավելում։
Նշենք, 2021 թվականին Հայաստանում ֆերոմոլիբդենի արտադրությունը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 8%-ով` հասնելով շուրջ 7 250 տոննայի, իսկ 2022–ի հունվար–մայիսին (նախորդ տարվա նույն ամիսների համեմատ)` գրեթե 20%-ով ` հասնելով շուրջ 3 566 տոննայի։
Այժմ Հայաստանում վերամշակվում է արտադրվող մոլիբդենի խտանյութի շուրջ 50%-ը։
Մնացածը ներկրվում է առանց հետագա վերամշակման` որպես հանքաքարի խտանյութ։
Հավելենք, որ ֆերոմոլիբդենը խտանյութից կրկնակի թանկ է։ Օրինակ` 2021 թվականի տվյալներով` 1 տոննայի արտահանման գինը (Պետեկամուտների կոմիտեի տվյալներով) եղել է մոտ 23 հազար դոլար` խտանյութի 12 հազար դոլարի դիմաց, 2020 թվականին ֆերմոլիբդենի արտահանման գինը եղել է 13 հազար դոլար, խտանյութինը` 6 հազար, 2019-ին` համապատասխանաբար 16 հազար և 8.5 հազար։
Այդուհանդերձ, ինչպես նշեց Ջհանյանը, ֆերոմոլիբդենի կամ խտանյութի վաճառքի եկամտաբերությունը նույնն է, քանի որ վերամշակման համար հավելավճարը էներգակիրների բարձր ծախսն «ուտում է»։
Պետության համար, բնականաբար, շահավետ է ֆերոմոլիբդենի արտահանումը, քանի որ դրա վերամշակումն ավելի շատ հարկեր ու աշխատատեղեր է ստեղծում։ Օրինակ` «Մաքուր երկաթի գործարանի» հաշվետվության համաձայն` 2021 թվականին ձեռնարկությունում աշխատում էր 413 մարդ` 373 հազար դրամ (270 հազար դրամ մաքուր աշխատավարձ) միջին աշխատավարձով։
Հայաստանում մինչև 2016 թվականն արտադրվում էր նաև եռակալված մետաղական մոլիբդեն, սակայն հետագայում «Մաքուր երկաթի գործարանը» դրա արտադրությունը ժամանակավորապես դադարեցրեց տեխնոլոգիական վերազինման պատճառներով։
AMP գործարանում նման արտադրություն չի եղել և չի նախատեսվում։ Ջհանյանի խոսքով` նման արտադրանքի բավարար պահանջարկ դեռ չկա։
Երկրում նաև գործում է «Արմենիան Տիտանիում փրոդաքշն» ընկերությունը, որն արտադրում է ֆերոտիտան (երկաթի և տիտանի համաձուլվածք)։